Նոր Թուրքիան
Վերջին շրջանում հետաքրքիր ու աննկատ փոխվում է մեր հարևան Թուրքիան: ԵՄ-ը բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հայտարարում է, որ Թուրքիան ԵՄ անդամ դառնալ չի կարող և Ռուսաստանի ու Իրանի պես հանդիսանում է սպառնալիք: Էրդողանը Եվրամիության հասցեին է կոշտ սպառնալիքներ հնչեցնում: Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները լարված են:
Իրանի վրա ԱՄՆ ի ու Իսրայելի հարձակման օրերին Նեթանյահուն հայտարարեց, որ Իրանից հետո հաջորդ թիրախը Թուրքիան է, իսկ Իսրայելի պաշտպանության նախարար Կացը Էրդողանին անվանեց «թղթե վագր»: Արդյո՞ք դա այդպես է:
Թուրքերը ԱՄՆ-Իրան ռազմական բախումներից հետո սկսել են նոր զինատեսակների մասին հայտարարել, ցուցադրում են ԱԹՍ-ներ, նույնիսկ 6000 կիլոմետր հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ...
Բայց ինչպիսի՞ն է իրական վիճակը:
Իսկ իրականությունը արդեն իսկ փոխվել է Ուկրաինական պատերազմից և հատկապես իրանա-ամերիկյան կարճ պատերազմից հետո:
Փաստացի, հզոր բանակ հասկացողությունը կորցրել է նախկին իմաստը: Եթե նախկինում Թուրքիան համարվում էր ՆԱՏՕ-ի երկրորդ մեծաթիվ բանակ ունեցող երկիրը, ուկրաինական և իրանական պատերազմները արդեն ցույց են տվել, որ մեր ժամանակներում միլիոնանոց բանակ ունենալը էական չէ: Ինչպես և սպասվում էր, ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանը ոչնչացնելու ծարագիր չունեին, պարզապես, պլանավորված խաղից դուրս բերվեցին Պարսից ծոցի նավթային երկրները, նավթային շուկան վերաձևավորվում է՝ դրանից բխող հետևանքներով: Կարծես ԱՄՆ ն ու Իրանը մոտ են վերջնական համաձայնությանը: Իրանը դառնում է տարածաշրջանի գլխավոր ուժային կենտրոնը, իսկ Թուրքիան մնում է Իրանի ստվերում:
Էրդողանը փորձեց միջնորդ դառնալ ռուս-ուկրաինական պատերազմում՝ չստացվեց, իրանական պատերազմում նույնպես թուրքերի միջնորդության առաջարկը լուրջ չնդունվեց:
Էրդողանի տնտեսական մոդելը շարունակում է ճաքեր տալ, անցած օրերին թուրքական լիրայի արժեզրկումը շարունակվեց:
Եվ շատ հավանական է, որ ԱՄՆ ն ու Եվրամիությունը պայմանավորված վերակազմավորեն ՆԱՏՕ-ն: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ՆԱՏՕ-ից դուրս գալ: Նեթանյահուի սպառնալիքները Թուրքիայի հասցեին անհիմն չեն: Իրանի հետ հարցերը կարգավորելուց հետո Թուրքիան դառնում է խոչընդոտ, անպիտան՝ բոլոր առումներով: Թե Իրանի, Հարավային Կովկասի ու Եվրամիության միջև, թե Իսրայելի ու Սիրիայի միջև: Թուրքիայի վերջին հույսը ավանդաբար Ռուսաստանն է, բայց ռուսները ի զորու չեն Ուկրաինային զուգահեռ նաև ձեռք մեկնել Էրդողանին: Վաղ թե ուշ Պուտինը ստիպված է լինելու Ուկրաինայից դուրս գալ և կարգավորել հարցերը Եվրամիության հետ: Այդ ժամանակ Թուրքիայի դերը Ռուսաստանի համար նույնպես շեշտակի կնվազի:
Էրդողանն ուշացավ, թուրքերը իրենց ներշնչել են, որ հանդիսանում են հզոր դիվանագետներ, սակայն իսլամացած վրացի Էրդողանը իր կառավարման ընթացքում հասցրեց հարաբերությունները փչացնել գրեթե բոլոր հարևանների հետ: Մեծ երկիր, Օսմանյան կայսրության իրավահաջորդ ձևանալով՝ թուրքերը խաղացին զուտ ճղճիմ ու փոքր խաղեր: Հայաստանի հետ սահմանի բացումը վերածեցին թուրքական էժան բազառի: Այժմ, նոր ԱԹՍ-ներ ու բալիստիկ հրթիներ ցուցադրելով, ոչ ոքի վրա տպավորություն թողնել չի ստացվի: Իսրայելը նույնիսկ առանց ԱՄՆ-ի անմիջական մասնակցության, կարող է Թուրքիան շարքից դուրս բերել մի քանի օրում: Թուրքիան, ի տարբերություն Իրանի, նույնիսկ չի կարող դիմանալ ամենաթեթև պատժամիջոցների:
Եվ հետո, Իրանը վերջին շրջանում ապացուցեց, որ հանդիսանում է համամարդկային արժեքներ կրող քաղաքակրթություն, իսկ Թուրքիան այդպես էլ մնաց իր անցյալի մեջ խճճված՝ ազգայնական ֆաշիզմի ու կրոնական մոլեռանդության մեջ տատանվող վիճակում:
Էրդողանի բանագնաց Սերդար Քըլըչը, ով թուրքի նման չէ, Երևանում իրեն զգում է ինչպես տանը, բայց սահմանը բացելուց վախենում են: Հասկանալի վախ է, շատ հասկանալի...
Այնինչ, Հայաստանի հետ նորմալ հարաբերությունները կարող էին մի քանի տարում փոխել Թուրքիայի դեմքը, կարող էին լիցքաթափել այդ երկրի խորքային հակասությունները: Հայերի միջոցով կարելի էր Թուրքիան մեծ ռեսթարտի ենթարկել:
Արա Արայան